Մամուլ

52-ամյա տղամարդը հարբած վիճակում մտել է «Վիվա Սելլ»-ի սպասարկման կենտրոն և հնչեցրել հայհոյանքներ

Փետրվարի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի «Վիվասել»-ի գրասենյակում անծանոթ անձը իրեր է կոտրում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Պ․-ն ժամը 11։20-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն, որտեղ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով, 10-15 րոպե տևողությամբ հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով խաթարել է նշված հիմնարկի բնականոն աշխատանքը և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Պ․-ն իր բնակարանից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սուրեն Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։