26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին․ բժիշկներն արձանագրել են նրա մահը
Փետրվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






