Մամուլ

«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ․ ո՞վ է նա

«Հակակոռուպցիոն կոմիտեում «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի  աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև իր իրավասությանը հանձնված դրամական միջոցները պահպանելու  գործառույթներ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 568.000 ՀՀ դրամի հափշտակություն։

Կոմիտեից մանրամասնում են, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի հոկտեմբերին իր անձնական կարիքների համար փոստային բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425․589 ՀՀ դրամ կանխիկ գումար և 142․630 ՀՀ դրամին համարժեք կոմերցիոն ապրանքներ։

Փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը ձերբակալվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: