Մամուլ

Կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանուհին թունավորել է իր սագերին ու բադին

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հունվարի 28-ին ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Իրինա Թ․-ն և հայտնել, որ իր հարևանուհին 65-ամյա Սվետիկ Բ․-ն մի քանի օրվա ընթացքում թունավորել է իրեն պատկանող, իր բակում գտնվող երկու սագերին և մեկ բադին՝ պատճառելով մոտ 23 հազար դրամի վնաս։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ահազանգողի տուն են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ որտեղ կինը պնդել է իր հայտնածը։

Այս պահին ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։