Մամուլ

Թալանել են «Նեյշն 2․0» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողի «Chevrolet Volt»-ը

Shamshyan.com-ը գրում է․ «Հունվարի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա են թալանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 8-ի ժամը 22։00-ից մինչև հունվարի 9-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայից գողացել են առջևի թափարգելը, լուսարձակները և հերթական համարանիշը՝ պատճառելով 1 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ե․-ն աշխատում է «Նեյշն 2․0» հասարակական կազմակերպությունում՝ որպես ծրագրերի համակարգող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։