ՄամուլՏեսանյութ

Ո՞վ է վարել «Lexus»-ը․ նոր մանրամասներ Գորիսի ողբերգական միջադեպից

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «պոլիտրավմա, բազմաբեկորային վնասում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արսեն Երեմյանը, ում ժամեր անց ռեանիմոբիլով «Գորիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ այս պահին իր բուժումն է ստանում։

Պարզվել է, որ մահացածներն են Գորիսի բնակիչներ 45-ամյա Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։

Դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Յոլյանին պատկանող ատրճանակ և նռնակի պայթուցիչի լծակ։

Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա էլ հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվ և քննչական գործողություններով ամբողջությամբ հերքվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նշված միջադեպին մասնակցությունը, ինչպես նաև նշված անձանց մասին նույնպես Ա․ Առուշանյանը տեղեկացված չի եղել։ Պարզվում է նաև, թե ով է վարել «Lexus»-ը։

Աղբյուրի տեղեկություններով վիրավոր Ա․ Երեմյանը աշխատում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։ Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ մահացածներից Վ․ Յոլյանը երկար տարիներ բնակվել է Ֆրանսիայի Նանտ քաղաքում, որտեղ տեղի սոցիալական աշխատողի նկատմամբ արարք կատարելու համար դատապարտվել է, և պատիժը կրելուց հետո նրան դեպորտ են արել, իսկ նրա եղբայրը Վրեժը դեպքի մասին տեղեկանալով Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան։