Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 10 վիրավորներից «Ford»-ի վարորդը մահացել է
Հունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր եղել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ էին տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։
Վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կար մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։



