Անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել է նաև կրակոց․ մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ «Հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ երեխաներն իրար դանակահարել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Թադևոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները ու պարեկները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի քանի օր առաջ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Ս․-ի և 15-ամյա Ա․ Դ․-ի միջև հայհոյանքի համար առաջացած հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, հունվարի 14-ին Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ հանդիպել են վերջիններս և նրանց ընկերներ, Երևանի բնակիչներ 15-ամյա Գ․ Դ․-ն, 14-ամյա Ն․ Թ․-ն, 15-ամյա Ռ․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Շ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ովքեր կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած «օդաճնշիչ» ատրճանակով կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է «Մինիսո» խանութի դիմապակին, իսկ մեկ այլ մասնակից սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է հասցրել Ա․Դ․-ին, ով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։



