Մամուլ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը նախագահի պարգևատրված զենքի համար դատարան է դիմել

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։

Դատարան ներկայացրած հայցադիմումով Ալիկ Բանդուրյանը պահանջում է, որ Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387-Ա հրամանագրով իրեն պարգևատրված «Գլոք 17 գեն 5» տեսակի 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքն առգրավելուց, վերցնելուց և մալելուց զերծ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Նկատենք, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ:

Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։ Արդյունքում շատերը տեղյակ չլինելով օրենքով սահմանված ժամկետին համապատասխան ընթացակարգով չեն անցել ու ՆԳՆ-ն գործընթացը չիրականացրած անձանց զենքերը ցանկանում է առգրավել, իսկ նրանք հրաժարվում են տրամադրել։