Արտակարգ դեպք՝ Երևանում. Ինֆորմատիկայի քոլեջի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Opel»-ում. կա վիրավոր
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդին, ում այնուհետև տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Զարգարյանն ու Անդոկ Հարոյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին, դռները վնասվել են և հետևի ապակու դետալներն էլ շպրտվել ու լցվել են կայանված մեկ այլ «Opel»-ի վրա:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր:
Այս պահին Արաբկիրի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



