Վրթանես սրբազանը ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառո՞վ է միացել իշխանությանը
24News-ը գրում է․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ապստամբած, Նիկոլ Փաշինյանին միացած և դրանով «տիրադավ» անվանումը ստացած 10 բարձրաստիճան հոգևորականների թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Մամուլում բազմիցս գրվել էր, որ նրանցից յուրաքանչյուրի հետ ուժային կառույցների աշխատակիցները «մանրամասն» աշխատանքներ են տարել՝ հիշեցնելով աշխարհիկ և ոչ աշխարհիկ «մեղքերը»։ Ու եթե նրանցից մեծամասնության պարագայում անակնկալ չէր «տիրադավ» դառնալու որոշումը, ինչպես, օրինակ, Նավասարդ Կճոյանի կամ Վազգեն Միրզախանյանի դեպքում, ապա Արցախի թեմի առաջնորդի պարագայում բոլորը շոկի մեջ էին՝ հաշվի առնելով թե’ իր նախկին ելույթները Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների դեմ, թե’ արցախցի լինելու հանգամանքը։
24News-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Վրթանես եպիսկոպոսի պարագայում էլ նրա որոշումը պայմանավորված է եղել «այլ ազդակով»։ Այսպես, 2007-2021 թթ-ին Վրթանես սրբազանը եղել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ, ինչի շնորհիվ էլ ՊՆ-ից ստացել է բնակարան Երևանում։ Երբ Պարգև սրբազանի՝ ԱՄՆ հեռանալուց հետո 2021-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ, Վրթանես սրբազանը շարունակել է պահել ՊՆ-ից ստացած բնակարանը և օգտագործել այն, ամենայն հավանականությամբ հենց այդտեղ էլ բնակվում է։ Մեր աղբուրները պնդում են, որ հոգևորականին ուղիղ ասել են, որ եթե նա չմիանա Վեհափառի դեմ այս շարժմանը, ապա կզրկվի բնակարանից, ինչից հետո էլ նա հայտնվել է «տիրադավերի» շարքում։
24News-ն, իհարկե, փորձեց Վրթանես սրբազանից ճշտել այս տեղեկության իսկությունն ու իմանալ նրա կարծիքը, սակայն հոգևորականը ոչ մի զանգի չի պատասխանում։ Մենք նաև պաշտոնական հարցում ուղարկեցինք ՀՀ ՊՆ, սակայն այնտեղից մեզ տեղեկացրին, որ կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Պատասխանը ստանալուց հետո մենք այն կրկին կհրապարակենք»։



