Մամուլ

Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շահեն Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ծաղիկ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Սազումյանն ու Ռոբերտ Թարոյանը: 
Վրաերթի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դուխիկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին և հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ տարածք: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։