Մեգամոլից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են հայտնի պարային ստուդիաներից մեկի պարուսույցն ու աշխատակցուհիները. ովքեր են նրանք
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերացիա են իրականցրել, որը կրել է «Պարելով գողություն չեն անում» անունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային և 36-ամյա Անիին:
Պարզվել է, որ նշված անձինք «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «Էլ Սի Վայկիկի» խանութ սրահից գողացել են 2 հատ սփրոց, 2 հատ բարձի երես, 2 տուփ մոմ և 1 տուփ անկողնային պարագա։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



