Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։
Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում և իրացնում է։
Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելեցին Եղեգնուտ։ Տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին՝ ավազակոպճագլաքարային խառնուրդով բարձված երեք բեռնատար։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։
Հինգ անձ ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են։



