Մամուլ

Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի մեկնող քավորի «Opel»-ն ու «07»-ը. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Գաբրիելյանն ու Միքայել Ավագյանը: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորութամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Opel»-ը մեկնում էր՝ մասնակցելու հարսանեկան արարողության, «Opel»-ի վարորդը հարսանիքի քավորն է, իսկ վիրավորներից մեկը՝ քավորկինը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։