Մամուլ

Ով է Նավասարդ Կճոյանը. ինչ սկանդալներով է հայտնի Փաշինյանին ողջագուրված Սրբազանը

«Ժողոուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկին խմբագիր, լրագրող, այժմ ՀՀ վարչապետի կողմից նախկինում թիրախավորված և «Բենթլի Կճոյան» անվանումը ստացած սրբազանը տարիներ անց ողջագուրվեց Փաշինյանի հետ։

Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին պատարագի էր մասնակցում այս անգամ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ ներկա էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով նաև ողջագուրվեց Փաշինյանի հետ, ասել է թե, տվեց իր օրհնությունը վարչապետին։

Բանն այն է, որ օրեր առաջ մի խումբ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Նավասարդ Կճոյանը կոչ էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ, նաև հանդիպել էին Փաշինյանի հետ կառավարությունում։

Իսկ ով է Ամենայն հայոց կաթողիկոսին տված երդումը դրժած Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը․

Ոչ վաղ անցյալում՝ 2023 թվականին, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանին, որը մեղադրվում էր փողերի լվացման մեջ, կրկին մեղադրանք էր ներկայացվել։

Հիշեցնենք, որ փողերի լվացման մեղադրանքը առաջադրվել է «Հետքի» բացահայտումների հիման վրա։ Կճոյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակից էին դարձել օֆշորային մի գործարքի, որի հետեւանքով սնանկացել էր գործարար Փայլակ Հայրապետյանը։

«Հետքը» գրել էր նաև, որ Սամվել Կճոյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանին՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն:

«Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի և բանկերից մեկի միջև կնքված պայմանագրով՝ Աշոտ Սուքիասյանը բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար և 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:

Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Աշոտ Սուքիասյանը կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ:

Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի ապրիլի 13-ին, Սամվել Կճոյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, փողերի լվացում): Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում Սամվել Կճոյանն իրեն մեղավոր չի ճանաչել: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Սամվել Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ վաղաժամ և անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Դեռ 2011 թվականին հայաստանյան մամուլի հրապարակումներում տեղեկություններ էին տարածվել, թե արքեպիսկոպոսը իր սանիկից թանկարժեք ավտոմեքենա` «Բենթլի» է նվեր ստացել, եւ որ Հայաստանի վարչապետն իրեն որպես պարգեւ զենք է նվիրել:

2011-ի մարտի սկզբին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Կճոյանը շրջում է «Բենթլիով», որի շուկայական միջին գինը Երեւանում տատանվում է 180-200 հազար դոլարի սահմաններում»: