Ինչ է ասել Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով»։ Այսպես է Նիկոլ Փաշինյանը դիմել իր հետ հանդիպման եկած բարձրաստիճան հոգևորականներին։
«Ես կարծում եմ, որ այն թեման, որը դուք արծարծել եք ձեր հայտարարության մեջ անձնավորվածի միջով, մենք շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ և եկել եմ հետյալ հետևությանը, որ մենք շատ խոսում ենք արժեքահեն պետություն, հասարակություն ունենալու մասին, դա մեր նպատակը և խնդիրն է։
Ցանկացած պետություն հենված է իրավական տրամաբանության վրա, որն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա և չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։
Իրականության մեջ ինչպիսի դեր ունեն հոգևոր արժեքները, մեծապես կանխորոշում են նաև պետության արժեքահեն լինելը։ Սա մի խնդիր է, որի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը մեր պետության հետագա զարգացման և ճակատագրի համար ունի շատ կարևոր առնչություն։ Ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, ես տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության և քննարկման»,–դիմելով հանդիպմանը մասնակից եպիսկոպոսներին ասել է Փաշինյանը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակեց հայտարարության տեքստ, որով եպիսկոպոսները կաթողիկոսից պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից ու սառեցնել նրա լիազորությունները։



