ՄամուլՏեսանյութ

Բանջարեղեն էր տանում շուկա վաճառեր, մառախուղ է եղել. գնացքի բախումից մահացածը 2 երեխաների հայր էր

News.am-ը գրում է․ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել, իրար են բախվել բեռնատար գնացքը և մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով մարդատարի վարորդը տեղում մահացել է։ Նա 43 տարեկան էր Դվին գյուղից, երկու անչափահաս երեխաների հայր, աշխատում էր նաև ոստիկանությունում։

Վաղ առավոտյան քաղաքացին շտապում էր շուկա, բանջարեղեն վաճառելու։ Թեև դեպքի վայրում առկա են ճանապարհային նշաններ, որ տարածքով անցնում է գնացք, սակայն տեղի բնակիչները նշում են, որ առավոտյան ժամերին այստեղ մառախուղ է, այդ նշանները տեսանելի չեն և անհրաժեշտ է ուղեփակոց։

Այստեղով անցնող մեքենաներից մեկի վարորդը News.am-ի հետ զրույցում նշեց. «Ամեն մարդ չի, որ գիտի, որ գնացք է անցնում։ Գնացքի վարորդն էլ մեղավոր չի, արագության տակ գալիս է։ Պիտի համապատասխան կազմակերպությունը գա ուղեփակոց դնի։

Ձմեռվա օրերին միշտ այստեղ մառախուղ է լինում, պետք է ուղեփակոց դնեն, որ բացվի–փակվի։ Մի հատ էլ աշխատող բերեն, դնեն, որ այսպիսի դեպքեր չլինեն»։

Մեկ ուրիշ բնակիչ էլ հավելեց. «Հայանիստի կամուրջը փլուզվել է, ու շուկա գնացող միակ ճանապարհը սա է, ուրիշը չկա։ Ամեն առավոտ գնացքը այստեղ անցնելիս միշտ շատ երկար ազդանշան է տալիս, մի քիչ էլ արագությունը իջեցնում է։ Դե մառախուղ է եղել, երևի չի նկատել, կամ էլ մարդատարի վարորդը քնատ է եղել։ Ուղեփակոց մի ժամանակ չկար, մարդ էր կանգնում, հիմա չգիտեմ՝ կա, թե չկա»։

Դվին բնակավայրի վարչական ղեկավար Անուշավան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Մահացողը 43–ամյա Կարապետ Փոլադյանն էր, շատ խելացի համեստ աշխատող, օրինակելի ընտանիքից դուրս եկած օրինակելի մարդ։ Քիչ առաջ խոսում էի գյուղացիները հետ, որոնք գնում գալիս են Մեյմանդարի շուկա, ինձ ասեցին, որ այդ պահին շատ ուժեղ մարախուղ է եղել։ Կարծում եմ մարախուղն իր դերը խաղացել է։ Շուկա գնալուց է եղել, որովհետև ասում են՝ լոլիկ կար մեքենայում։