Երևանում 24-ամյա վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ա. Բագրատյանն ու կրտսեր պարեկ Տ. Օհանյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



