Ի՞նչ է ասել Վալոդյա Գրիգորյանը կրակոցի պահին
Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ArmLur.am-ին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ լրատվականի աղբյուրների՝ Վալոդյա Գրիգորյանը մինչ կրակոցները հասցրել է հարց ուղղել իր ընկերներին, սակայն այդպես էլ չի հասցրել լսել պատասխանը։
ArmLur.am-ի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի օրը Վալոդյա Գրիգորյանի և Արեն Աբրահամյանի հետ գտնված Արծրուն Գալստյանը, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, պատմել է սեպտեմբերի 23-ի ողբերգական դեպքի մանրամասները։ Նրա խոսքերով՝ մի պահ Վալոդյա Գրիգորյանը շրջվել է, նկատել մթության մեջ դեպի իրենց եկող անձին և ընկերներին հարցրել՝ «էս ո՞վ ա»։ Սակայն նա չի հասցրել լսել որևէ պատասխան. նույն պահին մոտեցող անձը սկսել է կրակել, վազելով առաջ գալ և դաժանորեն վերջ տվեց Վալոդյա Գրիգորյանի կյանքին։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ին, Արագածոտնի մարզի Փարաքար համայնքում, երբ անհայտ անձը կրակ էր բացել ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ եղած Արեն Աբրահամյանի ուղղությամբ՝ պատճառելով մահացու վնասվածքներ։ Դեպքը ցնցեց համայնքը և լայն արձագանք ստացավ հանրային դաշտում՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր տեղի ունեցածի պատճառների և կազմակերպիչների շուրջ: Ենթադրյալ պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ մնում են չպարզված:
Մանրամասները՝ տեսանյութում․



