Ո՞վ է Տեր Երվանդ քահանա Բաբայանը, ո՞ւմ պատարագին այս կիրակի մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը
Armlur.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է մասնակցել կիրակնօրյա պատարագներին։
Այսօր վաղ առավոտյան նա հայտարարեց, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին։
Տեր Երվանդ (ավազանի անունը՝ Սայադ) քահանա Բաբայանը ծնվել է Արարատում, սովորել՝ նույն քաղաքի 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել քաղաքի թարգմանչաց վարժարանի հումանիտար հոսքում։ Սովորել է նաև տեղի երաժշտական դպրոցի շվիի բաժնում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2000-2004 թթ․ սովորել է Վազգենյան Հոգևոր Դպրանոցում։
2004-2006 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո շուրջ 3 տարի ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այնուհետև՝ շուրջ մեկ տարի ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես սարկավագ:
2009 թ. դեկտեմբերի 13-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Մի քանի ամիս ծառայել է Խոր Վիրապ վանքում:
2010 թ. մայիսից մինչև 2012 թ. հունվար ամիսը ծառայել է Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի Սուրբ Ստեփաննոս եկեղեցում:
2012 թ. փետրվարի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արտաշատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում:
2013 թ. փետրվարի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 1 զավակ»:



