Մամուլ

Սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել

Վիետնամի կենտրոնական Խանհոա նահանգում լեռնային ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն վեց մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է տեղական VnExpress լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան Խան Լե լեռնանցքում, որը գտնվում է 27C ազգային մայրուղու վրա: Հորդառատ անձրևը լեռնանցքում սողանք է առաջացրել, որը փլուզվել է 32 մարդ տեղափոխող ավտոբուսի վրա: Հողը և քարերը փակել են լեռնային ճանապարհի զգալի հատվածը և փրկարարներին երկու ժամից ավելի ժամանակ է պետք եկել դեպքի վայր հասնելու համար:

Արտակարգ իրավիճակի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվել են երկուշաբթի առավոտյան: Աշխատանքներին խոչընդոտում են հորդառատ անձրևները և հետագա սողանքների վտանգը:

Խանհոայի հիդրոօդերևութաբանական կայանի տվյալներով՝ նահանգում ուժեղ տեղումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 18-ը։