Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի՝ զրպարտության համար
«Փաստինֆոն» գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով։ Այս անգամ հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ ՔՊ-ի՝ «Սիվիկ» լրատվականում հրապարակման համար։ Մասնավորապես, «Սիվիկ» լրատվականը հոկտեմբերի 6-ին հրաարակում էր կատարել գործարարի վերաբերյալ՝ նշելով, թե «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց»։
Այժմ գործարարը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել լրատվականին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը և ներողություն խնդրել։ Միևնույն ժամանակ, գործարարը փոխհատուցում է պահանջել՝ 6 մլն դրամի չափով։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանին։
Վերջին մեկ ամսում սա գործարարի միակ հայցադիմումը չէ։ «Դատալեքսում» առկա տեղեկության համաձայն՝ Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել նաև Ալիսա Սևոյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս՝ ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև փոխհատուցում՝ 3 մլն դրամի չափով։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։
Նշենք, որ մինչ այս գործարարն արդեն թվով 17-րդ հայցադիմում էր ներկայացրել՝ զրպարտության և վիրավորանքի համար։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյան դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։
Առանձին հայց ներկայացվել է նաև ՔՊ կուսակցության դեմ։ Յուրաքանչյուր հայցով բարձրացվում է նաև բարոյական փոխհատուցման հարց։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի վրա դատարանն արգելանք է դրել՝ 9 մլն դրամի չափով»։



