Դրամական փոխանցումները պե՞տք է հայտարարագրել․ ի՞նչ պետք է իմանա քաղաքացին
Աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեցող քաղաքացիների հարկային հայտարարագրերը գեներացվելու են ավտոմատ կերպով, այդուհանդերձ քաղաքացիներին չեն ծանուցում, որ նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրում պետք է նշել նաև դրամական փոխանցումները և անհատույց ստացված այլ միջոցները, եթե դրանց ծավալը գերազանցում է 300 հազար դրամը (780 դոլար): Այս մասին հայտարարել է իրավաբան, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Եթե թաքցնեք փոխանցումների տեսքով դրամական մուտքերը, ձեր նկատմամբ տուգանքներ կկիրառվեն», – հայտարարել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է ոչ թե տարվա կտրվածքով մուտքերին, այլ միանվագ գործարքին։ Եթե քաղաքացու ստացած առանձին դրամական փոխանցումը կազմել է 300 հազար դրամ և ավելի, ապա այն պետք է նշվի հայտարարագրում, եթե դրա գումարը նշվածից քիչ է, ապա հայտարարագրումն այդ դեպքում ըստ ցանկության է, նույնիսկ եթե այդպիսի փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով գերազանցում է 300 հազարը:
2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն միայն աշխատող քաղաքացիները։ Աշխատանք չունեցող անձինք չպետք է հայտարարագիր լրացնեն այն, անգամ եթե ունեն դրամական փոխանցումներ (այդ թվում՝ 300 հազար դրամ և ավելի)։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 6-ին հայտնեց, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Եթե քաղաքացին կարծում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն` աշխատավարձ և այլն, ինքը որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել ՊԵԿ համակարգ: Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե քաղաքացին համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել։