Մամուլ

Արկղերի վրա փամփուշտի հետքեր են եղել, Գևորգն ասել է՝ ինքն է կրակել․ նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած 20-ամյա Գևորգ Հարությունյանը Մերձավանի գերեզմանատանը իրավապահներին է հանձնել արկղեր, որոնց վրա եղել են կրակված փամփուշտի հետքեր: Գևորգը պատմել է, որ արկղերը եղել են «թիրախ»՝ նշանակետին կրակել սովորելու համար:

Ավելի վաղ հայտնել էի, որ իրավապահները, մեծաթիվ ոստիկանական զորքով, Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին: Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին:

Գևորգ Հարությունյանը քննչական գործողությունների ժամանակ պատմել է, ոև գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:

Նշենք նաև, որ հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը: Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը, և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանությունները օժանդակելու մեջ»։