Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության դեմ՝ հանձին Գլխավոր դատախազության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել: Սեդրակ Քոչարյանը պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով: Այս մասին գրում է «Հետքը»:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարան դիմել են ոչ շատ տարածված հայցով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված շատ քիչ հայցադիմումներ են ներկայացվում:

«Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, և գործը գտնվում է դատարանում: Սեդրակ Քոչարյանն ի սկզբանե պնդել է, որ այդ գործողությունները չի կատարել: Այն ընթացքում, երբ գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան՝ քննության համար, դատախազը, որը այս գործով մեղադրողն է դատարանում, իսկ նախաքննության ժամանակ հսկող դատախազն էր, հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին, և որպես հաստատված հանգամանք պնդել է, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները: Ոչ թե ասել է՝ մենք իրեն մեղադրում ենք այսինչ կամ այնինչ բանում, այլ հաստատված փաստ ներկայացրել է այն, ինչի վերաբերյալ դեռ դատավարություն պիտի ընթանա, դեռ  դատարանը պիտի դատավճիռ կայացնի՝ արդարացման կամ մեղադրական»,- ասում է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: