Արմավիրի մարզում 71-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է ավելի քան 3.5 կգ մարիխուանա
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում: Հայտնաբերվեց հողի մեջ թաղած երկուլիտրանոց ապակե երկու տարա՝ ամբողջությամբ լցված ավելի քան 850 և 770 գրամ կանեփանման զանգվածներով: Եվս երկու ապակե տարա հայտնաբերվեց պարսպի տակ թաղած դույլի մեջ` 3 և 1 լիտրանոց: Դրանք էլ լցված էին համապատասխանաբար` մոտ մեկ կիլոգրամ 400 գրամ և մոտ 560 գրամ կանեփանման չոր զանգվածներով։
Հայտնաբերված մարիխուանայի ընդհանուր քաշն ավելի քան երեքուկես կիլոգրամ էր:
71-ամյա տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմին ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: