Չաշխատելն է ամոթ, ոչ թե բուժքույր աշխատելը. Արսեն Թորոսյանը՝ վրդովված բժիշկներին
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է.
«Խոսքս հատկապես ուղղում եմ իմ բժիշկ գործընկերներին, ովքեր վրդովվել են ԱԺ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունից՝ թիրախավորելով մի մասնագիտություն և այդ մասնագիտությունը կրողներին, որոնք իրենց հետ զօրուգիշեր անխոնջ աշխատելով, հազարավոր կյանքեր են փրկում:
Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ, որ բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի ու շնորհակալության՝ իրենց կատարած ծանրագույն աշխատանքի համար։ Եվ, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին, հատկապես բժիշկների նման առաքինի մասնագիտության տեր մարդկանց նսեմացնել որևէ այլ մասնագիտություն, քանի որ բոլոր մասնագիտություններն են գնահատանքի արժանի։ Չաշխատելն է ամոթը, ոչ թե բուժքույր կամ որևէ այլ մասնագիտությամբ աշխատելը, և այս էլիտիստական մոտեցումներն անընդունելի են։
Հիմա անդրադառնամ ԱԺ հանձնաժողովի նախագահին ներկայացվող պահանջներին։ Ինձ համար հետաքրքիր, կամ ավելի շուտ՝ տարօրինակ են հնչում այն պահանջները, թե այս կամ այն պաշտոնը պետք է զբաղեցնի այս կամ այն չափանիշներով անձը։ Արդյո՞ք երկակի ստանդարտներով չեք առաջնորդվում, հարգելի՛ գործընկերներ։ Արդյո՞ք կարդացել եք ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են պատգամավոր դառնալու պահանջները, և արդյո՞ք բոլոր պաշտոնյաների նկատմամբ եք այդքան «խստապահանջ»։
Կամ արդյո՞ք ինքներդ մտածել եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, որպեսզի հենց դուք լինեք հանձնաժողովի հաջորդ նախագահը կամ նախարարը, քանի որ դրանք քաղաքական պաշտոններ են, ոչ թե մասնագիտական։ Պատասխանը ինքներդ կարող եք տալ։
Ինչ վերաբերում է Հռիփսիմե Հունանյանին, ես նրան ճանաչում եմ վաղուց՝ որպես գրագետ, բանիմաց և սրտացավ մասնագետ ու քաղաքացի։ Բայց ես նրան ամբողջությամբ «բացահայտել» եմ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ նա, լինելով մեր երկրի ամենամեծ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, բժիշկների հետ ուս-ուսի տված, հազարավոր կյանքեր է փրկել՝ առանց շաբաթներով տուն գնալու և իր ընտանիքին տեսնելու, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրան»։