Մամուլ

25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը 3-5 տարի կլինի․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվեց․ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը։

Կողմ քվեարկեցին 53, ձեռնպահ՝ 0 և դեմ՝ 26 պատգամավորներ։

Այսպիսով,  համաձայն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության կողմից հեղինակած նախագիծի սահմանվում է վարժական հավաքներից խուսափող անձի պատիժը խստացնել։

Առաջարկվում է ՀՀ Քրեական օրեսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ․

«1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսեւորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով խուսափման ձեւով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել եւ ներգրավվել է վարժական հավաքին:»»,- նշվում է նախագծում։