Ջալալ Հարությունյանը չարդարացվեց, նա կտեղափոխվի ՔԿՀ
44-օրյա պատերազմի գործերից մեկով մեղադրյալ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չարդարացվեց, առաջիկա օրերին նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գեներալի բողոքն իրեն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մեղավոր ճանաչելու վերաքննիչի որոշման դեմ: Դատարանը եզրահանգել է, որ վերաքննիչ ատյանը, որ քննել է Հարությունյանի վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումը, սխալներ թույլ չի տվել:
Սա նշանակում է, որ Հարությունյանի դատավճիռը կմտնի ուժի մեջ:
Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Ո՛չ նա է համաձայն այս վճռի հետ, ո՛չ էլ տուժողները: Հարությունյանն արդարացում է պահանջում, իսկ զոհված զինվորների ծնողներն առավելագույն՝ 8 տարի պատիժ:
Վճռաբեկը, ըստ էության, չքննեց նաև ծնողների պահանջը:
Ջալալ Հարությունյանը պնդում է, որ ինքն անփութություն թույլ չի տվել, և իր մեղքով չեն զոհվել Ցորի զորամասի 20 զինվորները, իսկ մեկն էլ՝ անհետ կորել, այլ՝ դիվիզիոնի ղեկավարության: