Նոր մանրամասներ՝ կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժածների մասին
Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունից Bavnews.am-ին հայտնում են, որ տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն։ 3 քաղաքացի հոսպիտալացվել է։ Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։