Մամուլ

14-ամյա տղային տարել են «Ազատի» ջրամբար և ստիպել, որ խոստովանի գողությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ անչափահասին առևանգել են և ծեծի ենթարկել։

Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 44-ամյա Մերի Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում իր որդուն՝ 14-ամյա Վ․ Մ․-ին, ոմն Կառլենը և Գևորգը իր կամքին հակառակ, ուժ գործադրելով Մահարի փողոցում գտնվող քարի արտադրամասից առևանգել և տարել են «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել են նրան, որ խոստովանի Մահարու փողոցում վերջերս կատարված գողությունում իր մասնակցությունը։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլենը հանդիսանում է Երևանի բնակիչ 29-ամյա Կառլեն Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու, Գևորգի ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։