Իջևանում կատարված սպանության փորձը բացահայտվեց․ կատարողը ձերբակալվել է
Ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, ըստ որի` կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին և ոտքին:
Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև «Իջևան» բժշկական կենտրոնից:
Հայտնել են, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Մեկնել են Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները: Պարզվել է, որ տուժածի հետ նախկինում ունեցած տարաձայնությունները պարզելիս իր մոտ եղած կացնով նրան վնասվածքները պատճառել է Իջևանի Ասլանյան փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը դեպքից հետո դիմել է փախուստի:
Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման և բացատրական աշխատանքից հետո 39-ամյա տղամարդը սեպտեմբերի 23-ին ներկայացել է վարչություն և խոստովանել արարքը։ Նա տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա` ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: