Մամուլ

ԲՊՀ-ում նոր սկանդալ․ այս անգամ հերթը հասավ ուսանողական խորհրդին

ArmLur.am-ը հերթական բաց նամակն է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ապօրինությունների շղթան չի դադարում։ Եթե երեկ խոսվում էր ամբիոնների ու դասաբաշխումների հետ կապված կեղծիքների, գումարների շորթման, աշխատակիցների անուններով ապօրինի վարկերի ձևակերպման մասին, ապա այսօր թիրախում հայտնվել է հենց ուսանողական խորհուրդը։

Գործող ուսխորհուրդը, որ ստեղծվել է ուսանողների շահերն ու իրավունքները ներկայացնելու համար, այսօր փաստացի զրկվում է իր ղեկավարությունից։ Դրա ղեկը փոխանցվում է մի անձի, որը ոչ միայն չունի ակադեմիական հեղինակություն, այլև երկար տարիներ համարվում է համալսարանի «մշտական» ուսանող․ արդեն շուրջ 10 տարի նա չի կարողանում ավարտել բուհը։

Նրա վարքագիծը, որը բնորոշվում է փողոցային բարքերով և տղայական ճնշման մեթոդներով, այսօր ներկայացվում է որպես ուսանողական ինքնակառավարման օրինակ։ Իրականում, սա ոչ թե ուսանողների ձայնն է, այլ բուհի պրոռեկտոր Դոնարա Ղազարյանի (վստահաբար ռեկտորի հրահանգով) հերթական գործիքը վերահսկելու ու լռեցնելու ուսանողական համայնքը։

Հարց է առաջանում․ ո՞վ է շահագրգռված այսպիսի «քաղաքականությամբ»։ Ո՞ւմ է պետք, որ համալսարանում ուսանողներին ներկայացնի ոչ թե արժանավոր, օրինակելի և հեղինակություն վայելող ուսանող, այլ մի «մարիոնետ», ով տարիներ շարունակ չի կարողանում ավարտել ուսումը։

Այսօր ԲՊՀ-ում ոչ միայն խեղաթյուրվում է ուսանողական ինքնակառավարման գաղափարը, այլև վերջնականապես ոչնչացվում են այն սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվի ակադեմիական միջավայրը։ Իսկ ուսանողները, որոնց ձայնը պետք է լինի հարգված ու լսելի, հերթական անգամ դառնում են վերոնշված սկանդալային եռյակի ներքին խաղերի զոհ։

Եթե իշխանությունները լռեն այս անօրինության առջև, վաղը Բրյուսովի համալսարանը այլևս չի կոչվի գիտելիքի օջախ, այլ կվերածվի խմբակային շահերի սպասարկման վայրի։