Կրակոցներ Երևանում
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում` Հասրաթյան փողոցի, 4 շենքի բակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։
Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։
Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից արդեն ժամանել է քննչական խումբը և ՀՀ քննչական կոմիտեի փորձաքննագետը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով իրավապահները ունեն հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։