Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ճակատ ճակատի բախվել են 62-ամյա Բենիամին Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 29-ամյա Գոռ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Եղիազարյանը և Հրաչյա Հովհանիսյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։