Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը
Shamshyan.com-գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։