Մամուլ

Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. «Kia»-ն Օհանավանում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արման Սարգսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։