Մեքենայիս կողային հայելիներն են գողացել, տաքսիով եմ եկել ԱԺ. Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնել
Առավոտյան պատրաստվում էի գալ նիստի, շտապում էի, հայտնաբերեցի, որ ավտոմեքենայիս կողային հայելիները բացակայում են, ես գիտեմ, որ սա համատարած բնույթ է կրում և պարզապես լուսանկար տեղադրեցի սոցիալական ցանցի իմ էջում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով իր հետ կատարվածը։
«Բազմաթիվ քաղաքացիներ ինձ նամակներ են գրել, ուղարկել են Telegram-ում իրենց նամակագրությունները գողերի հետ։ Պետք է արձանագրեմ, որ բավականին ջերմ և մտերիմ միջավայրում են տեղի ունենում այդ զրույցները, շատ «բարեխիղճ են» մեր գողերը փաստորեն, անգամ սակարկում են գները, որոնք սկսում են մի քանի հարյուր հազար դրամից մինչև մի քանի տասը հազար դրամ, և վերջում գողերը մեքենաների տերերի հետ, ի վերջո գալիս են համաձայնության։
Ամենակարևոր արձանագրումը, որ ինքս ինձ համար արեցի, դա այն է, որ մեր քաղաքացիները պարզապես ոստիկանություն չեն դիմում, որովհետև բոլոր այն մարդիկ, որոնք դիմել են ոստիկանություն, շատ քչերի գողության դեպքերն են բացահայտվել։ Ես ինքս էլ չեմ պատրաստվում դիմել ոստիկանություն, որովհետև վստահ եմ, որ չի բացահայտվելու այս գողության դեպքը։ Առհասարակ անկեղծ ասած ժամանակ չունեմ այդ քաշքշուքի մեջ ընկնելու համար։
Քաղաքացիներից մեկը, օրինակ ինձ տեսանյութ էր ուղարկել առավոտյան, թե ինչպես էին իր մեքենայի կողային հայլիները գողացել ոստիկանության շենքի մոտից և գողերը առանց հատուկ պաշտպանիչ միջոցների էին, առանց դիմակների էին, բայց միևնույն է այդ դեպքը չէր բացահայտվել, և ես վստահություն չունեմ, որ մնացած դեպքերը, որոնք որ այլ գողտրիկ պայմաններում են եղել, բացահայտվելու են»,– հայտարարեց Խամոյանը՝ նկատելով, որ սա համատարած բնույթ է կրում։
Հարցին՝ իր կարծիքով համագործակցություն կա՞ գողերի շրջանակի և իրավապահ համակարգի միջեւ, Խամոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման հետևություններ անել, բայց այն, որ ոստիկանությունը չի կարողանում բացահայտել այս համատարած գողության դեպքերը, դա փաստ է, և անգամ իրենք են խոստովանում, որ այս դեպքերը չեն կարողանում բացահայտել։ Ես լավ չեմ հասկանում՝ ո՞նց չեն կարողանում բացահայտել, որովհետև, օրինակ, այդ տեսանյութի մեջ հստակ երևում էր գողի դեմքը, բայց միևնույն է, բացահայտում տեղի չի ունեցել։
Ես կարծում եմ, որ մեր իրավապահ ուժային մարմինները, եթե զբաղվեն կոնկրետ իրենց ֆունկցիաներով, այս գողության դեպքերը կբացահայտվեն։
«Քաղաքացիներից մեկն էլ, օրինակ, գրել էր, որ երեք օրում երկու անգամ իր մեքենան թալանել են և այն գողը, որի հետ ինքը հետո կապվել էր, վստահեցրել էր, որ ինքը չի, որովհետև ինքը ունի սկզբունքներ, նույն մեքենան երկրորդ անգամ չի թալանում։ Այսպիսի բարեխիղճ գողեր են»,–ասաց նա։
Պատգամավորը տեղեկացրեց, որ Տելեգրամով իր հետ կապ չեն հաստատել. «Վստահաբար կոնտակտի դուրս չեմ գալու, եթե անգամ հաստատեն»։ նա նաև նշեց, որ ստիպված տքսիով է եկել խորհրդարան։