Մամուլ

Նոր օլիգարխ է հայտնվել հայկական երկնակամարում․ ո՞վ է նա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Շվեդիայի քաղաքացի Գեւորգ Նալբանդյանը ձեռք է բերել ՀՀ խոշորագույն ծխախոտի գործարանը՝ «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ-ն: Զանգահարեցինք «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ՝ ճշտելու լուրի իսկությունը: «Իհարկե, սեփականատերն ինքն է»,- պատասխանցին մեզ, սակայն այլ հարցեր չցանկացան լսել: Գեւորգ Նալբանդյանը, հիշեցնենք, հայկական «Hayways» ավիաընկերության սեփականատերն է: Այն ավիաընկերության, որին պատկանող «Բոինգն» առեւանգվել ու տարվել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, որից հետո Հայաստանը հայտնվեց ավիացիոն սեւ ցուցակում:

Համացանցում բացակայում է Գեւորգ Նալբանդյանի լուսանկարը, չնայած նա Հայաստանի մեծահարուստներից է: Նալբանդյանի անձն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ նրա անվտանգության համակարգը ղեկավարում է ԱԱԾ տնօրենի` 2003-2010 թթ․ տեղակալ Արմեն Դարբինյանը:

Ի դեպ, կառավարությունը 24 թ. հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «Արմենիան Տոբակո Քոմպանիին»: