Ազատ խոսք

Ազգային ժողովում Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ոչ միայն անթույլատրելի է, այլև բացարձակապես անհամատեղելի է պատգամավորի կարգավիճակի հետ. Սուրեն Սուրենյանց

Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Խորհրդարանական արժանապատվության ճգնաժամ

Ազգային ժողովում Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ոչ միայն անթույլատրելի է, այլև բացարձակապես անհամատեղելի է պատգամավորի կարգավիճակի հետ։

Սեռական բնույթի վիրավորանք հնչեցնելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին՝ նա հատել է բոլոր կարմիր գծերը։

Սա այլ կերպ, քան քաղաքական ստորություն, չի կարելի բնորոշել։

Սա ՔՊ-ական պատգամավորի անպատժելիության առաջին դեպքը չէ։

Մի քանի տարի առաջ ՄԻՊ ընտրությունների ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ սպառնացել էր «կտրել» թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջը։

Այս փաստը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատահական սայթաքման, այլ վտանգավոր վարքագծային մոդելի հետ։

Հովհաննիսյանի այս ամբարտավան պահվածքը սնվում է անպատժելիության մթնոլորտից․

● երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա ու մնաց անպատիժ,

● երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներին «համբալ» անվանեց, և դարձյալ հետևանքներ չեղան։

Այսօր այդ նույն մթնոլորտը ծնել է հերթական խայտառակ դրսևորումը։

Աշխարհում նման պահվածքը չի մնում առանց հետևանքի․

● Ֆրանսիայում նախարար Դամյեն Աբադը հեռացավ պաշտոնից միայն կանանց իրավունքների կազմակերպությունների մեղադրանքների ֆոնին։

● Նորվեգիայում պատգամավոր Ինգվիլդ Վարաֆյորդը վայր դրեց մանդատը՝ սոցիալական ցանցում անընդունելի գրառում կատարելու համար։

Այս օրինակների համեմատությամբ Արթուր Հովհաննիսյանի պահվածքը անհամեմատ ծանր է՝ սեռով պայմանավորված խտրականություն, զրպարտություն և կնոջ արժանապատվության նկատմամբ բացահայտ ոտնձգություն։

Այս իրավիճակում ընդդիմադիր խմբակցությունները պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ և բոյկոտեն Ազգային ժողովի նիստերը, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհնչեցնի իր պաշտոնական քաղաքական գնահատականը և Հովհաննիսյանը վայր չդնի մանդատը։

Ես իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին։

Նրա հանդեպ հնչած վիրավորանքները վիրավորում են ոչ միայն մեկ պատգամավորի, այլև յուրաքանչյուր հայ կնոջ արժանապատվությունը։

Լռությունը այս հարցում կնշանակի համակերպում խայտառակության հետ։ Իսկ համակերպումը՝ քաղաքական համակարգի վերջնական արժեզրկում»։

Հիշեցնենք՝ նախօրեին Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին պահանջել էր, որ Թագուհի Թովմասյանն ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ իբր տեսնեն, թե չորս տուն որտեղից իրեն։ Թագուհի Թովմասյանն արձագանքել էր՝ նշելով, որ ինքը չունի չորս տուն և դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ զբաղվի որդու դաստիարակությամբ ու բացատրի, որ կնոջ մասին նման բառապաշարով ու բովանդակությամբ չեն խոսում։

Ավելի ուշ էլ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանների կին պատգամավորները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի՝ Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները։