Մամուլ

Ննջարանում կանեփ են աճեցրել․ հայտնաբերվել է նաև 1 կգ-ից ավելի մարիխուանա

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են սեպտեմբերի 1-ին: Այդ օրը` ժամը 16:40-ին, Նորաշեն թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել փաստացի այդ թաղամասում բնակվող 34-ամյա տղամարդ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց երեք կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հաջորդ օրը խուզարկություն կատարվեց երիտասարդի փաստացի բնակության վայրում:

Ննջասենյակը կահավորված էր հատուկ լուսային և օդափոխության համակարգերով, ստեղծված էր փակ ջերմոցային տարածք, որտեղ արհեստական լուսավորության պայմաններում տարաների մեջ աճում էր կանեփի 17 բույս: Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, աղաց, զիպ փականով տոպրակներ ու ծխախոտի գլանակ լցնելու սարք և ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։