Մամուլ

Ընտանիքում բռնություն գործադրած անձը՝ մարմնին կկրի էլեկտրոնային հսկողության միջոց

Էլեկտրոնային միջոցները կրելու պարտականություն է սահմանվում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար: Հարցերը քննարկվել են հանձնաժողովի այսօրվա սեպտեմբերի 4-ի նիստում:

Նախորդ փոփոխությունների փաթեթով նախատեսվել են էլեկտրոնային հսկողության գործիքների կիրառման հնարավորությունները, սակայն պարտականությունը չէր սահմանվել:

«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Քրեական օրենսգրքով էլ սահմանվում է սանկցիա՝ այդ պարտականությունը չիրականացնելու համար: Օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մարտից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» որոշման նախագծին: Ըստ այդմ՝ 2025 թ. յուրաքանչյուր ամիս հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողի կողմից նախատեսվող օրերին եւ բնակավայրերում նախատեսվում է իրականացնել մինչեւ 4 մարզային այց: