Ազատ խոսք

Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին է դրված եղել հեղափոխությունից հետո․ Սրբուհի Գալյան

Նոր սահմանադրություն ունենալու հարցը քննարկումների սեղանին է դրված եղել հեղափոխությունից հետո։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, կառավարության մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի իշխանության՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու ցանկությունը համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչած պահանջներին։

«Ես կարող եմ կապ և՛ տեսնել, և՛ չտեսնել, բայց մեզ համար դա բացարձակ էական չէ, մենք ունենք մեր սեփական օրակարգը, որին համապատասխան պիտի առաջ շարժվենք»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ գործուն քայլեր ձեռնարկվել են Ադրբեջանի նախագահի պահանջից հետո, Գալյանը պատասխանեց․

«Ոչ, գործուն քայլեր եղել են, ուղղակի դրանք դանդաղել են օբյեկտիվ պատճառներով․ պատերազ, քովիդ։ Բայց գործել է համապատասխան մասնագիտական հանձնաժողով, գործել է նաև խորհուրդը։ Ե՛վ հանձնաժողովի, և՛ խորհրդի կազմով պարբերական քննարկումներ են տեղի ունեցել, դրա արդյունքում է ձևավորվել փոփոխությունների հայեցակարգը»։