Ազատ խոսք

Սամվել Կարապետյանի ընտանիքի համար շատ աջակցության ծրագրեր ենք արել, բոլոր գործարարների կողքին ենք. Պապոյան

Հայաստանի անկախության ընթացքում երբևէ այնպիսի բարենպաստ ներդրումային միջավայր չի եղել Հայաստանում, ինչքան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանի օրինակն ունենալով, արդյո՞ք գործարարների համար ՀՀ-ն գրավիչ է ներդրումային առումով, թե` ոչ:

Պապոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարների կողքին է: Չի կարող գործարարն իրեն դիմել և նա այդ հարցին ընթացք չտա:

«Դա բոլորը գիտեն, անկախ քաղաքական հայացքից, անկախ այդ գործարարն ինձ սիրում է, իշխանությանը սիրում է, թե՝ ոչ: Մենք քիչ առաջ խոսում էինք  Կարապետյանների ընտանիքի մասին, Կարապետյանների ընտանիքի համար Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացրել, և բոլորի համար էլ իրականացնում է, որպեսզի Հայաստանում շարունակեն ներդրումներ անել և տնտեսական գործունեություն ծավալել», – ասել է Գևորգ Պապոյանը: