Երևան-Հրազդան թիվ 270 միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։