Մամուլ

Ո՞վ է առաջինը գործարարին գտել մահացած, ի՞նչ ձայներ են լսվել, ի՞նչ են ցույց տվել տեսախցիկները․ մանրամասներ

Երեկ տարածված լուրը, որ «Կապիտալ Բիլդ» ընկերության սեփականատերերից գործարար Կարեն Գասպարյանն ինքնասպան է եղել, շոկային էր: Մարդ, որ կյանքում լուրջ խնդիրներ չի ունեցել, հանկարծ կրակել է ինքն իրեն:

ArmLur.am-ը առավոտյան արդեն դեպքի վայրում էր: Նախնական տվյալներով ինքնասպան եղած գործարար Կարեն Գասպարյանը վերջին շրջանում շատ տխուր է եղել: ArmLur.am-ի հետ զրույցում նրա հարևանները պատմեցին, որ անգամ այնքան մտազբաղ է եղել , որ երբեմն չի բարևել հարևաններին: ՇԵնքի բնակիչների խոսքով՝ գործարարին առաջինը ինքնասպան վիճակում գտել է նրա վարորդը, որը ոստիկանության նախկին աշխատակից Անդրանիկ Խոջոյանն է: Ըստ նրանց՝ վարորդը զանգահարել է գործարարին, նա չի պատասխանել, որից հետո մտել է ավտոկայանատեղի, բացել է դարպասները, տեսել, որ մեքենան տեղում է ու կրկին ավտոկայանատեղի դուռը փակել գնացել է, չպատկերացնելով, որ գործարարը մեքենայի մեջ կարող է անշնչացած լինել:

Անցել է 2 ժամ գործարար Կարեն Գասպարյանի վարորդը կրկին վերադարձել է Դեմիրճյան 1 շենք, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր գործարար Կարեն Գասպարյանը, կրկին բացել է ավտոկայանատեղի դարպասները ու մոտեցել մեքենային, որից հետո շենքում լսվել են բղավոցի ձայներ․ «Էս ինչ արեցիր, այս ինչ արեցիր»:

Շենքի բնակիչների պատմելով՝ իրավապահները, երբ եկել են դեպքի վայր անմիջապես տեսախցիկներն են ստուգել, և տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարար Կարեն Գասպարյանը միայնակ մտնում իր ավտոկանայատեղի, փակում է կայանատեղիի դարպասները, նստում մեքենան, փակում դռներն ու լուսամուտները, ապա կրակոցով սպանում իրեն: Բնակիչների խոսքով՝ երբ նրան գտել են անշնչացած վիճակում, չեն կարողացել բացել մեքենայի դռները, վարորդը գնացել, տանից բերել է մեքենայի պահուստային բանալիները ու բացել մեքենայի դռները՝ գտնելով նրան մի քանի ժամ մահացած վիճակում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործարարն ամուսնացած էր, ուներ 2 երեխա, տղան 13 տարեկան, աղջիկը՝ 20: Բնակիչների խոսքով նրանք բարեկեցիկ կյանքով էին ապրում, ու առեղծված է, թե ինչու պետք է Կարենը գնար այդ քայլին: Հարևանները ArmLur.am-ին տեղեկացրին, որ լսել են, որ որոշ ժամանակ առաջ ֆինանսական խնդիրներ է ունեցել, սակայն կարգավորվել էր ամեն ինչ, բայց ընկերները պատմել են նաև, որ տևական ժամանակ է, ինչ հրավիրում էին նրան որևէ խնջույքի կամ առիթի, հրաժարվում էր գնալ՝ ասելով , թե տրամադրություն չունի, չի ցանկանում ներկա գտնվել : Դեմիրճյան 1 շենքի համատիրության ղեկավարը թույլ չտվեց բարձրանալ գործարարի տուն՝ նշելով, որ ընտանիքը վատ վիճակում է, պարբերաբար շտապօգնություն է գալիս:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Կարեն Գասպարյանը «Կապիտալ Բիլդ» կառուցապատող կազմակերպության բաժնետերերից մեկն է։ Դեպքի մասին առաջինը ահազանգել է shamshyan.com-ը և հայտնել, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335–րդ հոդվածի 1–ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում․