Հանկարծամահ եղած զինծառայողի մայրը տարիներ առաջ էր մահացել. Վահեի դասիարակությամբ հայրը միայնակ էր զբաղվում
Նախօերին ՀՀ ՊՆ N զորամասում հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Վահեի դաստիարակությամբ հայրն է զբաղվել, մայրը տարիներ առաջ էր մահացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Մարտունու համայնքապետարանից։
Համայնքապետարանից հայտնեցին, որ Վահեն մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։
Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենը՝ Վարդան Ավետիսյանը, NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում ուսանելու տարիներին Վահեն առողջական խնդիրներ չի ունեցել, երբևէ չի գանգատվել։
«Կիրթ, դաստիարակված, հավասարակշռված տղա էր։ Բնագիտական առարկաներով էր հետաքրքրված, միասնական քննությունները հանձնել ու համալսարան էր ընդունվել նախքան բանակ զորակոչվելը։ Երևանի պետական համալսարան էր ընդունվել, ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը»–պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն քաղաքում հարգված ընտանիքի զավակ էր. Վահեի հայրը համայնքապետարանի սոցիալական ծառայությունում է աշխատում։
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:
Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով: