Մամուլ

Բաքուն հետ չի կանգնում․ ակնկալում է, որ ՀՀ-ի Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պահանջում է հետագա քայլեր դրա ստորագրման և վավերացման համար: Մասնավորապես, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ մնացած տարածքային պահանջները վերացնելու համար»,-այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը հաստատել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Հռչակագրի այլ կարևոր կետերի շարքում Ամիրբեկովը նշել է կողմերի հանձնառությունը բացելու տրանսպորտային և հաղորդակցական կապերը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը։ Փաստաթղթում նաև նշվում է ԱՄՆ հատուկ նախագիծը՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում։

Բացի այդ, Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու առաջարկով ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ դիմումը Ամիրբեկովը անվանել է կարևոր քայլ՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկի վերացման ուղղությամբ։