Ազատ խոսք

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի:

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը:

Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը:

1. քննչական կոմիտեի առաջին հրապարակումից մի հատված` հայտնի «գյուլլելու» կտորը: (կից ձայնագրությունը)

Սկսվում է առանց նախաբանի, կոնտեքստը բաց է թողնված: Ձայնի մեջ չկա, բայց տեքստի մեջ քննչականը «պրծավ գնաց» բառերից հետո ավելացրել է «սաղ բնաջնջվում են»: Ձայնի մեջ լսվում է, բայց քննչականը տեքստով չի տալիս «գնդակահարում ես ինչու՞»: Այս արտահայտությունից հետո ձայնագրությունը կտրվում է` բաց թողնելով ինչուի պատասխանը:

«իրանք էլ ուրախ կլինեն» բառերից հետո ձայնագրությունը կտրվում է, կրկին կոնտեքստը չներկայացնելով: Շարունակվում է «հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք»:

Հաջորդիվ կտեսնենք, որ դա այլ օրվա ձայնագրությունից է, կապ չունի նախորդի հետ:

2. Գլխավոր դատախազի միջնորդագիրը Արթուր Սարգսյանի դեմ (կից երկու էջերի նկարները)

Խոսվում է խմբերի ձևավորման մասին, ստեղծվում է կոնտեքստ, այնուհետև բազմակետով միտքը կտրվում է` իբրև թե վերաբերելի հատվածներն են միայն ներկայացվում:

«էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»:

Տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության ընթացքն է, բայց կտեսնենք, որ մի ծավալուն մաս բաց է թողնված և այդ ու մյուս հատվածը իրար հետ կապ չունեն նաև բովանդակությամբ:

Արդեն դատախազի մոտ երևում է քննչականի թաքցրած ինչուի պատասխանը` գործել է դավաճանություն պետության դեմ:

«Իրենք էլ ուրախ կլինեն» արտահայտությունից հետո միտքը կտրվում է, կոնտեքստը չի բացահայտվում:

3. ԱԱԾ-ի սղագրած նյութը (կից երկու նկարները), նաև որի հիման վրա հարուցվել է գործը:

Ներկայացված է իբրև ամբողջական երկխոսություն: Այստեղ էլ «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»:

Մինչդեռ կտեսնենք, որ սրանք կտրված հատվածներ են:

Իսկ «ուրախ կլինեն» բառերին հաջորդում է պատասխան «սենց պետություն չեն սարքում», բայց ձայնագրության այլ հատվածից է կտրված և նույնիսկ չի նախորդում «ես էդ համակարգի մեջ էդ ամեն ինչը տեսել եմ» մտքին:

4. ձայնագրության վերաբերելի հատվածը ամբողջությամբ, որը տրամադրվել է նախաքննության ավարտին: Ըստ իրավապահ և ոչ իրավապահ քարոզիչների «գյուլլելը» վերաբերելի էր գործող իշխանությունների ներկայացուցիչներին, բայց լսեք ձայնագրությունը ամբողջությամբ ու ինքներդ որոշեք, թե ինչի մասին է խոսակցությունը:

Սա միայն մեկ դրվագ է կեղծված գործի քարոզչական հնարքներից:

Մնացածը հաջորդիվ»: